Խաչեր են կախվել անդունդի վրա՝
հոգիների պես ինքնահրկիզվող,-
ձգվում է սաստիկ վերքի խորությամբ
անդունդը՝ երկրի կրծքավանդակով,-
խաչեր ու կրակ, արյուն ու ճարակ՝
հառաչանքի պես մարող օրվա մեջ,
եւ վերին ձեռքը ջանում է դարձյալ
մոխիրից զատել բառերը ոսկյա,
որ ցպահանջ ու լուսեղեն հնչեն
մենության, սիրո, հարության ժամին,
չզեղծեն՝ ոնց են մերժման զնդանում
տաժանահարվում գերիների պես,-
եւ քո պատկերը կրեն լիատես՝
որպես չարխափան, բարեհույս դիմակ -
անգիր ձոն լինի դեմքերին կավե
դիմակը՝ գալիք ոգու հմայանք:-
Սակայն խավարը ներծծվում է խոր,
ձյութի պես կաթում հոգիներից վար,-
ցոլու՜մ են կորված խաչերը բոսոր
մարմարի վրա ապաշխարության,
որ զոհյալներն են հեղել անվարան
աչքեր ու երազ գոցելուց առաջ,
երբ դահիճների տիրական մեղքն է
տղմուտ գետի պես լճանում արագ:
Իսկ թափորներն անցնում են այլայլ
ճոճուն ու մազե կամուրջներով, եւ
իջվա՛ծք են տալիս անդունդները լալ
ինքնահրկիզվող հոգիների մեջ:
04.03.2025
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ